Երևանում կայանալիք արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ նոյեմբերի 23-ին ժամանակ առ ժամանակ փակ կլինեն մայրաքաղաքի մի շարք փողոցներ, հայտնում է ոստիկանությունը։
Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։
ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։