ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերած ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների նախորդ համատեղ հայտարարությունների պրակտիկ իրագործմանն առնչվող հարցեր։
Նշվում է, որ կարևորվել է «հայ-ադրբեջանականա սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ եռակողմ ձևաչափով աշխատանքի շարունակությունը»։
Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։
ՌԴ նախագահը նոյեմբերի 23-ին Երևանում մասնակցելու է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։
ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։