ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երևանում ընթացող ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում հայտարարել է, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը` ՀԱՊԿ-ը ռազմական բաղադրիչի ուժեղացման խիստ կարիք ունի։
«Ռազմաքաղաքական իրավիճակի ներկա պայմաններում հրատապ անհրաժեշտություն է ամրապնդել ՀԱՊԿ ռազմական բաղադրիչը», - ընդգծել է նա, գրում է Aysor.am-ը։
Զասի խոսքով՝ առաջիկա ժամանակահատվածում նախատեսվում են մի շարք մարտավարական և մարտավարական-հատուկ վարժանքներ անցկացնել ՀԱՊԿ հավաքական ուժերի հետ՝ խաղաղապահության, ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային և արտակարգ իրավիճակների արձագանքման տարրերով։
Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։
ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։
Ընթերցեք նաև․ Զաս. ՀՀ-ին աջակցելու ՀԱՊԿ նախագիծն ընդհանուր առմամբ համաձայնեցված է