ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 26-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։
«Քննարկվել են ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի վրա»,-ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած հանդիպմանը, այն դրական է գնահատել։ Նա նաև հույս է հայտնել, որ այն պայմանավորվածությունները, որոնք արձանագրվեցին, հնարավորինս արագ կիրականացվեն։
Վարչապետը նշել է, որ որոշակի ազդակներ է ստացել ՌԴ նախագահից Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղին վերականգնելու մասով։
«Որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, որ կարող է լինել լուրջ հնարավորություն, որ սկսենք երկաթուղու վերականգնման աշխատանքները։ Խոսքը Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Սադարակ-Երասխ երկաթուղու մասին է», - ասել է Փաշինյանը։