28 նոյեմբերի 2022 - 17:32 AMT
Պարզաբանում․ Եկամտի ավելացմամբ պայմանավորված՝ քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության համակարգից

Սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը, ի պատասխան հարցադրումների, պարզաբանել է, որ պայմանավորված եկամտի ավելացմամբ (օրինակ՝ աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ) քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից՝ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Մի շարք հրապարակումներ են եղել, ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ՝ սոցցանցերում, որոնց համաձայն, այն ընտանիքներում, որտեղ քաղաքացիները միաժամանակ ստանում են կենսաթոշակ և նպաստ, կենսաթոշակներն ավելացել են 3000 դրամով, սակայն նրանք զրկվել են ընտանեկան նպաստից:

Նշվում է, որ անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն, օրինակ, կենսաթոշակների։

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

«Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ ընտանիքը կարող է չստանալ ընտանեկան կամ սոցիալական նպաստ, բայց կարող է շարունակել օգտվել այլ աջակցություններից։ Այս դեպքում, կենսաթոշակի բարձրացման հիմքով անապահովության գնահատման համակարգից դուրս մնացած ընտանիքները կշարունակեն օգտվել կոմունալ զեղչերից (նվազ սակագներ՝ բնական գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց)․ վերոնշյալ հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե «28.01» և ավելի միավոր, այլ՝ «20.01» միավոր, իսկ կենսաթոշակի չափի բարձրացումը միավորի կտրուկ փոփոխություն՝ «28.01»–ից «20.01» միավորի միջակայքում չի բերել»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ անապահովության գնահատման նոր համակարգի ներդման ուղղությամբ նախարարության կողմից ինտենսիվ աշխատանքներ են տարվում:

Ընտանեկան/սոցիալական նպաստ է ստանում մոտ 72,500 ընտանիք: