29 նոյեմբերի 2022 - 14:52 AMT
Էրդողանը՝ Սիրիայում գործողությունների մասին. Պարտավոր չենք հաշվետու լինել որևէ մեկին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին հաշվետվություն չպետք է տա։

Ըստ նրա՝ Թուրքիան դեռ մտադիր է 30 կիլոմետր խորությամբ անվտանգության գոտի ստեղծել իր հարավային սահմանների մոտ, գրում է Ermenihaber-ը:

«Մենք պարտավոր չենք թույլտվություն ստանալու հայրենիքի ու մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար, մենք հաշվետվություն չենք տալու դրա համար»,-ասել է Էրդողանը:

Նա նաև նշել է, որ ոչ ոք չի կարող ստիպել Թուրքիային քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող քայլեր իրականացնել։

Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը:

Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով: