13 դեկտեմբերի 2022 - 12:03 AMT
Արցախի ԱԽ-ն նամակով կդիմի ՌԴ խաղաղապահների հրամանատարությանը

Արցախի Անվտանգության խորհուրդը նամակով կդիմի ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Ընդգծվել է, որ միջանցքի անխափան գործունեությունը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որի դրույթները հերթական անգամ խախտում է ադրբեջանական կողմը:

Անվտանգության խորհուրդը որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:

Նախագահը շեշտել է, որ ԱՀ իշխանությունները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները բնակչության անվտանգության և կենսաապահովման խնդիրները լուծելու համար:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։

Photo. Ria Novosti