20 դեկտեմբերի 2022 - 11:33 AMT
Վարդանյան․ Չնայած զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ՝ ճանապարհի կողմերում ադրբեջանցիներ կան

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 20-ի առավոտյան ֆեյսբուքյան իր եթերում ասել է, որ ճգնաժամն ու շրջափակումը շարունակվում են, և պետք է այնպես անել, որ հստակ անվտանգության երաշխիքներ լինեն։

Նա ասել է, որ չնայած տարբեր կողմերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, դա այդպես չէ, քանի որ դրա կողմերում մնացել են ադրբեջանցիներ և կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ուզեն, ինչն անընդունելի է։

«Ադրբեջանցիները պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների հանգիստ տեղաշարժին: Դա միակ որոշումն է, քանի որ, եթե ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնել ու որոշել, թե որ մեքենա թողնեն, որը՝ ոչ, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,-ասել է Վարդանյանը։

Վարդանյանը նաև նշել է՝ տեսնում է, որ իր գործունեությամբ կպնում է որոշ մարդկանց շահերին, ինչն առաջացնում է դժգոհություն, և փորձում են իր թիմը վարկաբեկել։

«Ինչպես ասում են՝ մեղրամիսն ավարտվել է, բայց մենք հանգիստ շարունակում ենք մեր գործունեությունը, աշխատանքը»,- ասել է նա։

Վարդանյանը նաև ասել է, որ կան մարդիկ, որոնք ավելի կտրուկ քայլեր են ակնկալում։

Անդրադառնալով նախորդ օրերին տեղի ունեցած հանդիպումներին՝ նա ուրախությամբ է նշել, որ Արցախի ժողովուրդը նույնկերպ է մտածում։

«Վիճակը շատ անկայուն է, պարզ չի բոլորի համար: Մենք մինչև վերջ պետք է ամեն ինչ հստակեցնենք ու այնպես անենք, որ այս իրավիճակում ունենանք հստակ անվտանգության երաշխիքներ։ Ուրիշ կերպ չի կարող լինել։ Շատ գործ ունենք անելու», - ասել է Վարդանյանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։