Ջերմուկի ճոպանուղին, որը լրջորեն վնասվել էր սեպտեմբերին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման հետևանքով, վերականգնվել է և Ամանորին ընդառաջ ամբողջությամբ պատրաստ կլինի դիմավորել և սպասարկել բոլոր այցելուներին։ Ջերմուկի ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը նշել է, որ ճոպանուղին հնարավորինս վերականգնել են, և դեկտեմբերի 22-ից լիարժեք կսկսեն աշխատել, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Ընդհանուր տեխնիկական վերականգնողական աշխատանքներն ավարտել ենք, և տոն օրերին ամբողջությամբ պատրաստ կլինենք: Որոշ թերություններ կան, քանի որ Ջերմուկում ամենաշատ արկերն ընկել են հենց ճոպանուղու տարածքում, սակայն այդ թերություններն արդեն գարնանը կշտկենք: Վնասվել էին նաև հարակից սրճարանները և ժամանցի վայրերը, որոնք նույնպես վերականգնվել են»,- ասել է ճոպանուղու տնօրենը:
Ջերմուկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանն էլ նշել է, որ սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետևանքով Ջերմուկում հրետակոծվել էր մեկ առողջարան, ինչի արդյունքում վնասվել էին տանիքը, պատուհաններն ու պատերը:
«Առողջարանի պատուհանները վերականգնել են, պատերի վերականգնումն ընթացքի մեջ է, իսկ տանիքը ժամանակավոր վերականգնվել է. մյուս տարի հիմնական աշխատանքը կարվի: Ունեինք նաև վնասված փոքր հյուրատներ, որոնք ստացել են ֆինանսական աջակցություն, ինչպես նաև իրենք իրենց միջոցներով իրականացրել են վերականգնողական աշխատանքներ: Որոշ աշխատանքներ ամբողջությամբ են իրականացվել, որոշներն ընթացքի մեջ են, իսկ մի մասն էլ ավելի տաք եղանակներին կարվեն»,- ասել է Սարգսյանը:
Անդրադառնալով այցելուների և զբոսաշրջիկների թվին՝ նա ընդգծել է, որ վերականգնման փուլը համընկել է զբոսաշրջային ցածր սեզոնի հետ, բայց անցած տարվա այս օրերի համեմատ, այցելուների թիվը ավելի պակաս է, իսկ նոր տարին Ջերմուկում դիմավորել ցանկացողների թիվը դեռ հնարավոր չէ հստակ նշել:
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։