ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկման ժամանակ ՄԱԿ-ում ԱՄԷ ներկայացուցիչն ասել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով և որ անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով։
«Մենք շարունակում ենք ընդգծել, որ կարևոր է նվազեցնել լավածությունը և զսպվածություն ցուցաբերել։ Բոլոր կողմերը պետք է խուսափեն իրավիճակը սրելուց, մասնավորապես՝ իրենց հռետորաբանությամբ, քանի որ դա կարող է մարդասիրական ծանր հետևանքներ ունենալ։ Շատ կարևոր է, որպեսզի քաղաքացիական անձանց համար իրավիճակը բարելավվի, և նրանց կյանքը չվտանգվի։ Մենք համաձայն ենք գլխավոր քարտուղարի հետ, որ անհրաժեշտ է ապահովել տեղաշարժի ազատությունը Լաչինի միջանցքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համահունչ։ Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է գտնել կայուն և տևական լուծում՝ հիմնվելով մինչ այս պահը ձեռք բերված համաձայնությունների վրա»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
ԱՄԷ ներկայացուցիչը վերահաստատել է իր երկրի սկզբունքային դիրքորոշումը, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։
«Կողմերին կոչ ենք անում խաղաղ և դիվանագիտական ճանապարհով գտնել լուծումը։ Կոչ ենք անում կառուցողական աշխատանքը շարունակել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու համար։ Մենք և միջազգային հանրությունը պարտավոր ենք ամեն ինչ անել, որպեսզի ապահովենք կայունություն, երկխոսություն և խաղաղ գոյակցություն։ ԱՄԷ-ն կշարւնակի այդ ուղղությամբ բոլոր ջանքերին սատարել»,- եզրափակել է նա։
ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Ջուուլը կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի ստեղծմամբ, որը հնարավոր է խուսափել»,-ասել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։