Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի քննարկմանը ՄԱԿ ԱԽ նիստում, հույս է հայտնել, որ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի։
Նա նաև նշել է, որ սա՝ Արցախի խնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:
«Քիչ առաջ ավարտվեց Արցախ-Հայաստան միակ ճանապարհի ադրբեջանական արգելափակման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկումը:
Բավականին արժեքավոր հայտարարություններ եղան տարբեր պետությունների կողմից, և կարող ենք ասել, որ գրեթե բոլոր անդամ երկրները պարզորեն ընդգծել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման անթույլատրելիությունը և դրա անհապաղ վերացման անհրաժեշտությունը:
Որպես ՄԱԿ-ի միջամտության հրատապ միջոցներից մեկը՝ ահա հենց այս քննարկման մասին էինք խոսում մեր պահանջներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև բողոքի ակցիաների ժամանակ: Ուրախ եմ, որ ՀՀ դիմումի հիման վրա հաջողվել է նման քննարկում կազմակերպել, սակայն սա՝ Արցախի կարճաժամկետ ու երկարաժամկետ հիմնախնդիրների լուծման գործում ՄԱԿ-ի ակտիվ ու համապարփակ ներգրավման գործընթացի միայն սկիզբն է:
Հուսամ՝ Ֆրանսիայի առաջարկած հայտարարության նախագիծն էլ կընդունվի վաղը, իսկ Հայաստանը պետք է առավելագույն ու օպերատիվ ջանքեր գործադրի ՄԱԿ-ի և այլ ձևաչափերով Ադրբեջանի հանդեպ ճնշումները մեծացնելու ուղղությամբ:
Մենք էլ նիստին հետևեցինք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ մեր նստացույցի շրջանակներում, և վաղը քննարկելու ենք մեր պայքարի հաջորդ քայլերը»,-ասվում է գրառման մեջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։