21 դեկտեմբերի 2022 - 14:39 AMT
Սիմոնյանը ԱԽ-ում ՌԴ ելույթի մասին. Շատ ավելի հասցեական կարող էր լինել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով ՄԱԿ ԱԽ-ում ՌԴ արձագանքին Լաչինում ստեղծված իրավիճակին, որով ՌԴ-ն, ըստ էության, հավասարության նշան դրեց և զսպվածության կոչ արեց նաև ՀՀ-ին, Սիմոնյանը բացասական է գնահատել ռազմավարական դաշնակցի ելույթը:

«Դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական ելույթ կարող էր հնչել։ Փոխարենը դա արեցին երկրներ, որոնք ՀՀ-ի հետ սերտ կապեր չունեն։ Կարծում եմ՝ ՌԴ-ն կա՛մ չի կարողանում, կա՛մ էլ չի ուզում, կա՛մ էլ միևնույն ժամանակ և՛ չի կարողանում, և՛ չի ուզում։ Վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ ՌԴ-ի կողմից նման կերպ կլիներ արձագանքը և նման կերպ կհնչեր գնահատականը։ Ես զարմացած չեմ։ Երևի նաև այն պատճառով էր, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է իրավիճակը, այսինքն՝ ուզում են նվազեցնել այն իրավիճակը, որը իրենց պատասխանատվության գոտում է»,- մեկնաբանել է Սիմոնյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»։

Սիմոնյանի կարծիքով՝ Ադրբեջանն իր գործողությունների հետևանքով հայտնվել է փակուղում։ Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ շարունակելու են աշխատանքները բոլոր հնարավոր միջոցներով, որոնք ՀՀ-ին չեն ներքաշի մեկ այլ որևէ գործընթացի մեջ։

Արդյոք «որևէ գործընթաց» ասելով Սիմոնյանը նկատի ունի պատերա՞զմը, հարցադրմանը ԱԺ նախագահը պատասխանել է. «Ես խոսում եմ քաղաքական գործընթացի մասին և պատերազմի մասին չեմ ուզում խոսել։ Դրա վտանգը կա նոյեմբերի 9-ից այս կողմ և չի նվազել։ Պետք է դեռ երկար ժամանակ անընդհատ պատրաստվել հնարավոր սադրանքների, որոնք սպասեցնել չեն տալիս»։

ՄԱԿ-ում ՌԴ մշտական փոխներկայացուցիչ Աննա Եվստիգնեևան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որտեղ քննրակվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված վիճակը, հայտարարել է, որ ՌԴ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն և Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով երթևեկությունը կվերականգնվի ամենամատ ապագայում։ Նա նաև ասել է, որ «համաձայնեցվում են ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի փորձագետների այցելությունների պարամետրերը»

«Այդ աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ հասնել գազամատակարարման վերականգնմանը դեպի Լեռնային Ղարաբաղ և մասամբ ապաշրջափակել երթևեկությունը միջանցքով։ Համաձայնեցվում են ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպան փորձագետների այցելությունների պարամետրերը»,- հայտարարել է Եվստիգնեևան: