23 դեկտեմբերի 2022 - 18:00 AMT
Լավրով․ ՌԴ-ն ոչ մի կապ չունի Վարդանյանի հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ նրա տեղափոխվելու հետ։

Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ հետ և ՌԴ իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Վարդանյանի խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ Ղարաբաղ տեղափոխվելու և քաղաքական կյանք մտնելու նրա որոշման հետ ոչ մի գործ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,-ասել է Լավրովը։

Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նրա գործունեությունը հանցավոր և արկածախնդիր բնույթ է կրում։ Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ դնել։ Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին դրանից տառապում է տեղի բնակչությունը»,-ասել է Բայրամովն ու Վարդանյանին անվանել է «օտար տարր» տարածաշրջանի համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է՝ բավարարելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և համապատասխան դիմում ներկայացնելու մասին մինչև Արցախի պետնախարար դառնալը։