ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, ասել է, որ այն փակ է եղել, բացվել է, հիմա էլ փակ է՝ կբացվի։
Նա հավելել է, որ նման հարցերը համերաշխությամբ և միասնականությամբ են լուծվում, գրում է «Առավոտը»։
«Նաև լուծվելու է Արցախի, Լաչինի հարցը։ Լաչինի միջանցքը փակ է եղել, բացվել է, հիմա էլ է փակ, կբացվի։ Ինչ ճանապարհով, դրա մասին այս հարթակում չէ, որ խոսում են։ Դրա համար մեր արցախցիները հնարավորինս պետք է այնտեղ ապրեն, չլքեն Արցախը։ Մեր կարողությունները, որ կառուցվել են, իրենց տկարությունը վերականգնվելու է, և կգա ժամանակ՝ մենք չենք վիճի, թե Արցախը ով փրկեց։ Արցախի փրկության հարցը լուծելու է ՀՀ-ն Արցախի հետ միասին»,- ասել է նա։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։