24 դեկտեմբերի 2022 - 11:09 AMT
Բայրամով․ Բաքուն դեռ պատրաստ չէ ամբողջական պատասխանելու Երևանի առաջարկներին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Բաքուն դեռ պատրաստ չէ ամբողջական պատասխան ներկայացնելու խաղաղության պայմանագրի վերաբերյալ Երևանի առաջարկներին։

«Երեկ ես հնարավորություն ունեցա նայել այդ առաջարկները, բայց, անկեղծ ասեմ, ես միայն կես աշխատանքային օր ունեի իմ տրամադրության տակ և, բնականաբար, չէի կարող մանրակրկիտ ուսումնասիրել այն և քննարկել գործընկերներիս հետ։ Կա ընդհանուր պատկերացում փոխանցվածի մասին։ Ուստի միանշանակ պատասխան՝ բավարարում է մեզ, թե չի բավարարում, հավանաբար, սխալ կլիներ տալ»,- ասել է Բայրամովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա ընդգծել է, որ դա բարդ գործընթաց է և կողմերի «դիրքորոշումները շատ գործոններով տարբերվում են»։

Բայրամովը բանակցային գործընթացի կարևոր փուլ է համարել պատվիրակությունների հանդիպումներն ու նրանց ֆիզիկական մասնակցությունը քննարկումներին։ Այդ համատեքստում նա ասել է, թե ադրբեջանական կողմը պատրաստ էր բանակցել հայկական կողմի հետ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին առնչվող հայկական կողմի առաջարկներին, ասել է, որ Հայաստանն առաջարկել է ստեղծել խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված է եղել ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, սակայն դեկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ հայկական կողմը հրաժարվել է բանակցություններից։ Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ասել էր, որ հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: