24 դեկտեմբերի 2022 - 12:45 AMT
Միրզոյանը Լաչինի հարցով հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահների հետ

Դեկտեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները և կոպտորեն ոտնահարում միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին:

Նույն օրն Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները:

Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելության գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։