24 դեկտեմբերի 2022 - 14:01 AMT
Freedom House․ ԼՂ խնդիրը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են տեղի բնակչության կենսական կարիքները

Միջազգային Freedom House իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը, կարծիք է հայտնել, որ այս հակամարտությունը երբևէ չի կարգավորվի, եթե անտեսվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության և հակամարտության բոլոր կողմերի կենսական կարիքները, գրում է «Ամերիկայի ձայնը»։

«Լեռնային Ղարաբաղի հետ դրսի կապի արգելափակումը, որը խոչընդոտում է ցանկացած տեսակի ապրանքների, բժշկական պարագաների ու դեղերի, ծառայությունների կամ մարդկանց տեղաշարժին, մեծ վտանգ է տեղի բնակչության բարեկեցությանը»,- ասել է նա։

Բեհրենդտը շեշտում է՝ Ադրբեջանը պատասխանատու է միջանցքի վերաբացման համար:

«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ մարդիկ, որ փակել են միջանցքը: Պարզապես անհատներ են, թե՞ կապ ունեն պետական մարմինների հետ: Իրականում, չեմ կարծում, որ դա ունի որևէ նշանակություն: Կարևորն այն է, որ միջանցքը վերաբացվի, ու Ադրբեջանը պետք է ստանձնի այդ պարտավորությունը»,- նշում է նա:

Նա կարևորում է այստեղ միջազգային խաղաղապահների ներկայությունը: Ըստ նրա՝ ցանկալի է, որ այն լիներ միջազգային որևէ կառույցի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի, որին կարող էր միանալ նաև ռուսական կողմը:

«Չափազանց կարևոր է, որ լինի խաղաղապահ ուժերի ինչ-որ միջազգային ներկայություն այստեղ՝ բոլոր կողմերի ու, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ապահովելու համար, որը ներկայումս վտանգի տակ է»,- ընդգծել է նա:

Նա «թերի» է գնահատում ներկայումս ռուս խաղաղապահ ուժերի գործողությունները, քանի որ միջանցքի վերաբացման համար անմիջապես պատասխանատու են նաև ռուս խաղաղապահները, ովքեր եռակողմ հայտարարությամբ պարտավորություն են ստանձնել՝ ապահովելու այստեղ ազատ տեղաշարժը:

«Ռուս խաղաղապահները լիովին պարտավոր են այն բաց պահել։ Դա է նրանց այնտեղ գտնվելու հիմնական նպատակը: Նրանք այնտեղ են, որպեսզի պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի բնակչության հիմնարար անվտանգությունը»,- պնդել է նա:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։