Դեկտեմբերի 26-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Ստեփանակերտ։ Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ տանել, հայտնում է Factor.am-ը։
Երթի մասնակիցներին Գորիսից միանալու են Լաչինի միջանցքի փակվելու հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիները։
Քաղաքացիները մտադիր են ռուս խաղաղապահների հետ բանակցել և պահանջել ապահովել իրենց անվտանգ անցումը միջանցքով։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։