ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը ՀՀ և Ադրբեջանի միջև, գրում է ՏԱՍՍ-ը։
«Անկասկած, Լաչինի միջանցքում իրավիճակի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը «հողի վրա» կարգավորելու համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում վերսկսել համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով»,- ասել է փոխնախարարը։
Նա նշել է նաև, որ փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։
«Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ Կարևորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան գալ փոխադարձաբար ընդունելի լուծման, որը կայուն և արդար խաղաղություն կերաշխավորի տարածաշրջանում»,-ասել է դիվանագետը։
Ըստ նրա, ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ինչպես դա ամրագրված է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։