26 դեկտեմբերի 2022 - 14:19 AMT
Դեկտեմբերի 26-ին Երևանում հավաք է նախատեսված` ի զորակցություն Արցախի

Դեկտեմբերի 26-ին ժամը 19։00-ին Երևանում՝ Ազնավուրի անվան հրապարակում, նախատեսված է իրազեկման հավաք՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

Հավաքի կարգախոսն է՝ «Արցախն է կանչում»։

Ակցիան տեղի կունենա Արցախի երիտասարդների նախաձեռնությամբ՝ բարձրացնելու ձայնը ընդդեմ արցախահայությանը սպառնացող աղետի։

Դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել համաժողովրդական հանրահավաք, որին մասնակցել է 60-70,000 մարդ։ Արցախաի պետնախարար Ռուբեն Վարդանյանը անրահավաքում հայտարարել է, որ չի ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին և չի հեռանալու Արցախից։ «Ես խոսք եմ տալիս, որ իմ գիտելիքները, անունը, կապերը, իմ ունեցվածքը տալու եմ Արցախի անկախության և հաջողության համար»,- հայտարարել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։