Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով անվտանգային հարցերին, ասել է, որ այն հայտարարությունները, թե Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը, չեն կարող մերկապարանոց համարվել։
Որպես դրա վկայություն վարչապետը նշել է, այն խոսույթը, որն առկա է Ադրբեջանում, ատելության խոսքը, որ կա այդ երկրի կրթական համակարգում։
«Տեսնում եք՝ ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը, ինչ-որ կազմակերպություններ, նախաձեռնություններ, «պատմական փաստեր» և այլն։ Երբ մենք փորձում ենք հասկանալ, թե ինչու է Ադրբեջանն այդպես վարվում, կան փորձագետներ, որ ասում են, թե Ադրբեջանն այդպես վարվում է, որովհետև տածում է, որ հայերն էլ իրենց հերթին ուզում են վերացնել ադրբեջանական պետությունը»,- ասել է նա։
Խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման մասին՝ վարչապետն ասել է, որ Ադրբեջանը նպատակ ունի Հայաստանին ներքաշել ավելի մեծ սադրանքի մեջ։
Ըստ նրա՝ հարաբերություններ կարգավորելը և խաղաղություն հաստատելը կարող է տեղի ունենալ մի քանի հենքերի վրա, մասնավորապես, փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու։
«Երբ հարց է հնչում, թե արդյո՞ք Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, առաջին պատասխանն «այո»-ն է՝ և Ադրբեջանը, և Հայաստանն ասում են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հետո հնչում է երկրորդ հարցը՝ ի՞նչ նկատի ունի Հայաստանը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով, ի՞նչ նկատի ունի Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Այս հարցերի պատասխաններից է կախված մեր ապագան»,- նշել է նա։