18 հունվարի 2023 - 16:44 AMT
Աբդոլլահիանը՝ Չավուշօղլուին․ Տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ փոփոխություն ու տարածքային բաժանում չպետք է լինի

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսում ներկայացրել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը Կովկասին վերաբերող հարցում։

«Վստահ ենք՝ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը հիմնարար սկզբունք է և տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն ու տարածքային բաժանումներ չպետք է լինեն: Տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցական ուղիների բաց լինելը այս ուղղությամբ կարևոր հարցերից է, և այն տարածաշրջանում առևտրային զարթոնքի ու կայուն անվտանգության ամրապնդման միջոց ենք համարում»,-ասել է նա, գրում է Ermenihaber-ը։

Կովկասյան գործընթացների համատեքստում Չավուշօղլուն մասնավորապես ասել է․ «Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Կովկասում 3+3 և Թուրքիա-Ադրբեջան-Իրան եռակողմ հանդիպման իրականացումը Կովկասի կայունության և բոլորիս համար կարևոր է։ Վերահաստատեցինք, որ Կովկասում իրականացվելիք ենթակառուցվածքային նախագծերը բոլորի համար շահավետ են»։

Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ իրենք քննարկել են առևտրային հարաբերություններից, էներգետիկայից և տարածաշրջանային զարգացումներից մինչև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն աշնանը Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ ԻԻՀ համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, կձեռնարկեն բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրության: