24 հունվարի 2023 - 14:58 AMT
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ամփոփել է 14 տարվա աշխատանքի արդյունքները

Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից: 2023թ. հունվարի 24-ին լրանում է Հաշտարարի գրասենյակի գործունեության 14 տարին:

Ստորև ներկայացվում է 2022թ. ընթացքում Գրասենյակի կողմից իրականացված միջոցառումների վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն, ինչպես նաև Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների վիճակագրությունը։

2022թ. Գրասենյակի կողմից իրականացված աշխատանքներ

«Սպառողների ֆինանսական կրթության և իրազեկվածության մակարդակի բարձրացման» ծրագրի շրջանակում միջոցառումների կազմակերպում

· Աշակերտների հյուրընկալում գրասենյակում։ Իրականացվել է ՀՀ մարզերի 25 դպրոցի 9-11-րդ դասարանների 1050 աշակերտի և 75 ուսուցչի համար։ Անցկացվել է սեմինար, կազմակերպվել է այց ՀՀ կենտրոնական բանկի «Այցելուների կենտրոն», հյուրասիրություն և այցելություն Մատենադարան։

· Ֆինանսական ճամբար։ Իրականացվել է ՀՀ 9 մարզում 10 անգամ՝ 15-18 տարեկան 306 աշակերտի համար։ Եռօրյա ճամբարի ընթացքում աշակերտները մասնակցել են սեմինարների, խաղացել տրամաբանական և ֆինանսական խաղեր, կատարել թիմային առաջադրանքներ։

· Հաշտ ճամբար։ Իրականացվել է 6 անգամ՝ 11-13 տարեկան սոցիալապես անապահով երեխաների համար։ Միջոցառմանը մասնակցել են նաև գործընկեր կառույցները, որոնք նպաստել են, որ ծրագիրն առավել հետաքրքիր և հիշարժան լինի երեխաների համար։

· Սեմինարներ աշակերտների և ուսանողների համար։ Իրականացվել է ՀՀ դպրոցների, ինչպես նաև քոլեջների և համալսարանների 216 աշակերտների և ուսանողների համար։

· Զրույց կանանց հետ ֆինանսական ծառայությունների մասին։ Միջոցառումն իրականացվել է ՀՀ 9 մարզում 10 անգամ՝ ներգրավելով 288 մասնակցի։

Նշված միջոցառումների մասնակիցները ստացել են տեղեկատվություն Հաշտարարի գրասենյակի և ֆինանսական ծառայությունների մասին, ինչպես նաև ծանոթացել Հաշտարարի կողմից քննված գործերին։

· Դատախաղ։ Միջոցառումն իրականացվել է ապահովագրական իրավունքի թեմայով՝ ներգրավելով ավելի, քան 30 ուսանողի։ Նրանց կողմից ներկայացվել են գրավոր աշխատանքներ և անցկացվել են բանավոր լսումներ, որոնց ընթացքում հնչեցված դիրքորոշումները գնահատվել են հաշտարարների՝ որակավորված իրավաբանների կողմից։

· Մասնակցություն գործընկեր կառույցների միջոցառումներին։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ակտիվորեն մասնակցում է գործընկեր կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին։ 2022թ. անցկացվել են սեմինարներ ավելի, քան 605 մասնակցի համար։

· Պրակտիկանտների ներգրավում։ Կազմակերպվել է հատուկ պրակտիկա իրավագիտության ֆակուլտետների ուսանողների համար, որի ընթացքում ուսանողները ստացել են տեսական և գործնական գիտելիքներ Հաշտարարի գործունեության և ֆինանսական համակարգի մասին, ծանոթացել ոլորտը կարգավորող իրավական ակտերին և դրանց պրակտիկ կիրառման հմտություններին։

· Տեղեկատվական հոլովակների պատրաստում: Հաշտարարի գրասենյակի կողմից նկարահանվել են հոլովակներ Գրասենյակի գործունեության, պահանջի քննության ընթացակարգի և ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ։

Լուսաբանման աշխատանքների իրականացում

Գրասենյակն ակտիվ գործունեություն է ծավալել սոցիալական մեդիայում, պայմանագրեր են կնքվել մի շարք ընկերությունների հետ՝ տեղեկատվական հոլովակները հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակելու նպատակով։

Նոր կայքէջի գործարկում

2022թ. գործարկվել է նոր կայքէջ, որը հնարավորություն է տալիս հանրությանը ծանոթանալ Գրասենյակի գործունեությանը, պահանջների քննության գործընթացին, վիճակագրությանը, իրականացվող միջոցառումներին, ներկայացնել իրենց պահանջը առցանց եղանակով և հետևել դրա քննության ընթացքին։

Համագործակցություն ֆինանսական կազմակերպությունների հետ

Ֆինանսական կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդման, փորձի փոխանակման և ոլորտում առկա հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի մշակման նպատակով Հաշտարարի գրասենյակը կլոր-սեղան հանդիպումներ է կազմակերպել ՀՀ բանկերի, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների այն աշխատակիցների հետ, ովքեր պատասխանատու են Գրասենյակի հետ հարաբերությունների համար:

Միջազգային համագործակցություն

· Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը մասնակցել է INFO 2022 տարեկան վեհաժողովին, որն անցկացվել է առցանց եղանակով։

· Ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարարը, որպես խոսնակ մասնակցել է Ս․Պետերբուրգում կայացած 10-րդ Պետերբուրգյան իրավաբանական ֆորումին։

· Ֆինանսական համակարգի հաշտարարը, որպես խոսնակ մասնակցել է Բուդապեշտում տեղի է ունեցած վեճերի այլընտրանքային լուծմանը նվիրված 5-րդ միջազգային կոնֆերանսին։

· Գրասենյակը մասնակցություն է ունեցել Վիեննայում տեղի ունեցած «Ֆինանսական գրագիտությունն ու ճկունությունը տնտեսական մարտահրավերների պայմաններում» խորագրով և Վարշավայում տեղի ունեցած «Հաշտարարության օրեր» խորագրով միջազգային կոնֆերանսներին։

· 2022թ. ՌԴ Ֆինանսական ծառայությունների սպառողների գլխավոր լիազորի նախաձեռնությամբ ստեղծվել է ԵԱՏՄ երկրների Ֆինանսական Օմբուդսմենների խորհրդատվական կոմիտե, որին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Հաշտարարի գրասենյակը:

Գրասենյակի ձեռքբերումները

· Գրասենյակի կողմից իրականացվող իրազեկման և լուսաբանման աշխատանքների արդյունքում սպառողների ֆինանսական գրագիտության և Գրասենյակի նկատմամբ վստահության մակարդակի աճ:

· Իրականցված հարցումների արդյունքում հաճախորդների կողմից Գրասենյակի գործունեության բարձր գնահատական, մասնավորապես՝

· Հարցվողների 65%-ը նշել է, որ պատրաստ է խորհուրդ տալ իր ծանոթներին և ընկերներին օգտվել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ծառայություններից։

· Հարցվողների կողմից Գրասենյակի բնութագրիչներն են՝ դրական վերաբերմունքը, պրոֆեսիոնալիզմը և օգնելու պատրաստակամությունը։

Գրասենյակ ներկայացված բողոքների և քննված պահանջների մասին վիճակագրություն

2022թ. Գրասենյակ է ներկայացվել 15,818 բողոք, որոնցից 13,978-ը վերաբերել է ֆինանսական համակարգին: Գրասենյակի աշխատակիցների օգնությամբ ֆինանսական կազմակերպություններին ուղղված բողոքներից 199-ը բավարարվել են մինչև Գրասենյակում քննության ընդունվելը։ Գրասենյակի կողմից 2022թ. քննության է ընդունվել 5837 պահանջ, որոնց քննության արդյունքում գործերի 68․69%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (քննության ընդունված 5837 պահանջներից 296-ը 23.01.2023թ. դրությամբ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 92.49%-ը լուծվել է կողմերի միջև հաշտությամբ: 2022թ. քննության ընդունված 5837 պահանջներից 5541-ի շրջանակում (23.01.2023թ. դրությամբ փակված գործերի թվաքանակն է) Հաշտարարի միջնորդությամբ ֆինանսական կազմակերպությունների կողմից հաճախորդներին հատուցվել է ավելի, քան 341 մլն ՀՀ դրամ: Պահանջի քննության միջին տևողությունը կազմել է 34 օր, ինչն էականորեն նվազել է նախորդ տարիների համեմատ։