25 հունվարի 2023 - 16:02 AMT
ԳՇ պետի տեղակալն ազատվել է պաշտոնից. ԳՇ հետախուզության վարչությունը նոր ղեկավար ունի

Գնդապետ Սամվել Մովսիսյանը նշանակվել է ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Սամվել Մովսիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ՝ ազատելով նրան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։

Մեկլ այլ հրամանագրով Առաքել Մարտիկյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից:

Մարտիկյանը Գլխավոր շտաբի պետի տեղակալ էր նշանակվել 2022 թվականի հունվարին։

ԶՈւ ԳՇ հետախուզական վարչության պետի պաշտոնը թափուր էր գրեթե 1 տարի։ Գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից 2022-ի փետրվարին։