Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանի Sharky-Racing թիմը հաղթել է հունվարի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կայացած վեցժամյա մրցավազքի TCR դասում։
Արթուր Գորոյանն իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։ Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ Wolf-Power Racing թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել, գրում է Panorama.am-ը։
Արթուր Գորոյանն ավելի վաղ հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնել էր, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանի դրոշի ներքո հանդես գալը։
«Նույնիսկ հարց էլ չի առաջացել, թե որ երկրից պետք է արտոնագիր ստանամ ու որ երկրի դրոշի ներքո հանդես գամ։ Իմ դրոշը հայկականն է»,- ասել էր ավտոարշավորդը։
Աբու Դաբիում Արթուր Գորոյանի վարած «Աուդի»-ին պատկերազարդված էր Հայաստանի դրոշով, իսկ հաղթանակից հետո, ինչպես և խոստացել էր, Արթուրը պոդիում է բարձրացել Հայաստանի դրոշով։
Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Արթուր Գորոյանը կժամանի Հայաստան և հայ սպորտասերների հետ կկիսվի ոչ միայն իր ձեռքբերումների, այլև առաջիկա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում ավտոսպորտի զարգացմանը նպաստելու իր մտադրությունների մասին։