6 փետրվարի 2023 - 13:05 AMT
Zangi-ն Հարավային Ամերիկայում Viber-ից առաջ է անցել

Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ «Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը՝ Whatsapp, Telegram, Messenger, Zangi», ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հայկական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։

Նա հավելել է, որ այդ տարածաշրջանում Zangi-ն արդեն առաջ է անցել Signal-ից և Viber-ից։

«Մենք աճում ենք նաև Հյուսիսային Ամերիկայում, Արաբական Աշխարհում և Ասիական տարածաշրջանում»,-գրել է Մարտիրոսյանը։

Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Նմանատիպ մեսենջերների շարքում աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է որակյալ տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած Zangi մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։

Հայաստանյան ծրագրավորողների ստեղծած «Զանգի» հավելվածը օգտատերերի անհատական տվյալների պաշտպանվածության առումով կարող է մրցել համաշխարհային առաջատարների հետ, իսկ շատ դեպքերում նաև գերազանցել նրանց։ «Զանգիի» միջոցով հնարավոր է իրականցնել տեսա և աուդիո զանգեր, փոխանակվել ինտերակտիվ հաղորդագրություններով, լուսանկարներով և տեսանյութերով․ հետևաբար՝ տվյալների անվտանգության ապահովումն առանցքային նշանակություն ունի։