Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը նվիրված ասուլիսում ասել է, որ միջինից ցածր աշխատավարձ ունեցողների ապահովագրավճարի որոշ մասը կսուբսիդավորվի։ Նա նշել է, որ համակարգը ներդրվելու է փուլային եղանակով. 2024 թվականից պետական պատվերի բոլոր շահառուների համար համակարգը կսկսի գործել: Նրա խոսքով՝ 2025թ-ին պետության կողմից կներառվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի բոլոր ծառայություններից, իսկ 2027-ից հանրապետությունում ամբոջությամբ կգործի պարտադիր ապահովագրական համակարգը։
«Բացի այդ, կսկսի գործել կամավոր ապահովագրական համակարգը։ Այսինքն՝ այն քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել, իսկ պետությունը կսկսի միջին աշխատավարձից ցածր եկամուտներ ունեցողների համար նաև սուբսիդավորման համակարգ ներդնել»,- ասել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը։
Անահիտ Ավանեսյանը նշել է նաև, որ պարտադիր ապահովագրության համակարգի համար կգործի տարեկան հաստատագրված վճար։
«Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն, չկան որևէ սոցիալական խմբում, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբիսադավորի ապահովագրավճարի ինչ-որ մի չափը»,- նշել է նախարարը, գրում է Panorama.am-ը:
Ավանեսյանը հավելել է, որ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթում թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու։
Նրա խոսքով՝ ապահովագրական փաթեթը ներառելու է ինչպես սկրինգային ծրագրեր, տարեկան պարտադիր հետոզոտություններ, այնպես էլ վիրահատական միջամտություններ։
«Օրինակ՝ այս պահին մեզ շատ են դիմում սրտի բաց վիրահատությունների խնդրանքով, որը բավական թանկարժեք միջամտություն է, և եթե պետպատվերի շահառու չես, 2-3 միլիոն դրամ արժեցող վիրահատությունները դառնում են անհասանելի, խնդիրը լուծում են կամ հանգանակությունների միջոցով, կամ բարեկամների աջակցությամբ։ Այս թանկարժեք ծառայությունները ևս հասանելի են լինելու փաթեթի շրջանակներում»,- ընդգծեl 1 նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ փաթեթում ներառված չեն պլաստիկ վիրահատությունները։