Գերմանիայի Մյունխեն քաղաքում կայացել է Եվրոպայի 2023թ. բասկետբոլի առաջնությունների վիճակահանությունը: Իրենց մրցակիցներին իմացել են տղամարդկանց մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և կանանց մինչև 16 (C դիվիզիոն) և 18 (C դիվիզիոն) տարեկանների հավաքականները:
Տղամարդկանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է С դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։ Այդ մասին հայտնել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։
Հանդիպումները կկայանան հուլիսի 19-27-ը՝ Կոսովոյի Պրիշտինա քաղաքում, գրում է Aysor.am-ը։
Կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկվել է A ենթախմբում, որտեղ կմրցի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի հավաքականների հետ: Հանդիպումները կկայանան 2023 թվականի հուլիսի 18-23-ը Անդորրայում:
Կանանց Մ18 տարեկանների հավաքականն էլ հայտնվել է C դիվիզիոնի B ենթախմբում, որտեղ կմրցի Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի թիմերի հետ: Հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 1-6-ը Ալբանիայի Դուրես քաղաքում: