1 մարտի 2023 - 19:13 AMT
Պատգամավոր Մամեդովը` ԼՂ հետ շփումների պատասխանատու

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի հետ շփումների պատասխանատու։

Մամեդովը մասնակցել է մարտի 1-ին Խոջալուում տեղի ունեցած հանդիպմանը, որն անցել է ՌԴ խաղաղապահ զորակազմի կենտրոնակայանում, գրում է Haqqin.az-ը։

Հանդիպմանն ադրբեջանական կողմից մասնակցել են նաև «բնապահպանության նախարարության և բնական պաշարների, Գույքային հարցերի պետծառայության և AzerGold ՓԲԸ-ի փորձագետները»։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով ԱՀ նորանշանակ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանին, ասել է, որ բացառված է Ադրբեջանի հետ ինտեգրացիոն որևէ գործընթաց։

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ և մասնակցությամբ մարտի 1-ին կայացել է Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Քննարկվել են հումանիտար և ենթակառուցվացքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաև Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը: