20 մարտի 2023 - 18:06 AMT
ԱԺ խոսնակ․ ՌԴ-ն մնում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների հիմնական միջնորդը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական միջնորդը։

Նրա խոսքով` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումն իրականացվում է տարբեր խաղացողների, առաջին հերթին Ռուսաստանի միջնորդությամբ, որը մնում է հիմնական միջնորդը, գրում է Sputnik Արմենիան։

«Հիմնական գործողը շարունակում է մնալ Ռուսաստանը, բայց նախաձեռնություններ կան նաև ԱՄՆ-ի կողմից, դրանք բավականին ակտիվ են։ Ինչպես նաև Ֆրանսիայի կողմից»,– ասել է Սիմոնյանը։

Մոսկվայում բանակցություններ են ընթանում ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների միջև։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որը Բաքուն չի խախտել․ այն է՝ հրադադարի ռեժիմի պարբերական խախտում, ՀՀ տարածքի օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակում, հայ ռազմագերիների պահում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտում։