27 մարտի 2023 - 16:17 AMT
ԱՀ ՆԳՆ․ Ադրբեջանական դիրքերից կրակել են նռան այգում աշխատողների ուղղությամբ

Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է մարտի 26-ին Մարտակերտի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին պատկանող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքերից բանվորների ուղղությամբ հրաձգային զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակել:

Նշվում է, որ ոչ ոք չի տուժել: Դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները:

Ոստիկանությունը տեղեկությունը փոխանցել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, հատել են Շուշիի շրջանի շփման գիծը, գրավել բարձունք (Սարիբաբա բարձունքից 2.9 կմ հյուսիս-արևելք) և անցել դիրքի ինժեներական կահավորման։ Ստեփանակերտ-Ղայբալիշեն- Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին ադրբեջանական զինված ուժերի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն։ Նրանք միաժամանակ բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար վերջիններիս վերադարձը ելման դիրքեր։