23 ապրիլի 2009 - 12:02 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. «Ֆուտբոլային ժողովրդավարությունն» իր արդյունքներն է տալիս
Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ համատեղ հայտարարությունը ճանապարհային քարտեզի մասին վկայում է այն մասին, որ «ֆուտբոլային դիվանագիտությունն» արդեն իր արդյունքներն է տալիս: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Հայտարարության մեջ կոնկրետ չեն ներկայացվել բանակցությունների արդյունքները, սակայն ես հուսով եմ, որ այս առաջընթացը հայ-թուրքական հարաբերություններում ձեռք չի բերվել Հայաստանի ազգային շահերի հաշվին»,-հայտարարել է պրոֆեսորը:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, տարօրինակ չէ, որ նման հայտարարությունն հենց հիմա է արվել, երբ ընդամենը մեկ օր է մնացել մինչ ապրիլի 24-ը: «Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն մեծ ճնշում է գործադրել Անկարայի վրա սահմանի բացման եւ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցում: Սա եւս մեկ անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի հարցն է, այլ նաեւ աշխարհաքաղաքական կարեւորություն ունեցող հարց է»,-հայտարարել է հայ պրոֆեսորը` հավելելով, որ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա եւս զուգադիպություն չէ: «Համոզված եմ, որ Սարգսյան-Մեդվեդեւ Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ քննարկվելու է հայ-թուրքական հարաբերությունների հարցը»,-նշել է Ռ.Սաֆրաստյանը:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: