28 մարտի 2023 - 14:15 AMT
Երևանը 21-րդն է աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում

Երևանն աշխարհի անվտանգ քաղաքների վարկանիշում 21-րդ հորիզոնականում է։ Տեղեկությունը հայտնում է Ranking Royals–ը:

Հայաստանի մայրաքաղաքն անվտանգության մակարդակով զգալիորեն առաջ է Հարավային Կովկասի երկրների մյուս քաղաքներից։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն հայտնվել է 85-րդ հորիզոնականում, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին զբաղեցրել է 44-րդ տեղը, գրում է Sputnik Արմենիան։

Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվում այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են հանցավորության մակարդակը, գիշերային ու ցերեկային ժամերին փողոցների անվտանգությունը, կողոպուտների և ավտոմեքենաների առևանգումների քանակը, ռասիզմի դրսևորումները, թմրանյութեր օգտագործող մարդկանց թիվը և մի շարք այլ գործոններ:

Աշխարհի ամենաանվտանգ քաղաքն է ճանաչվել ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու Դաբին, որին հաջորդում է Դոհան, եռյակը եզրափակում է Էմիրություններում գտնվող Աջման փոքր քաղաքը։