23 ապրիլի 2009 - 13:48 AMT
Հայ-թուրքական համաձայնագիրը կարեւոր նշանակություն կունենա տարածաշրջանում իրադրության կայունացման համար
Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը կարեւոր քայլ է դարձել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրադրության կայունացման համար: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտարարել է Ամերիկայի հայկական համագումարի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի գծով տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերջնական կարգավորման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանն ու Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ բարիդրացիական ոգով ու փոխադարձ հարգանքով դրանց զարգացման նպատակով` դրանով նպաստելով ողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Այդ մասին նշվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար: