31 մարտի 2023 - 12:52 AMT
Աբրահամյան․ Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամայանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Տեղ գյուղի հարակից տարածքում ադրբեջանցիների առաջխաղացմանը, նշել է, որ Սյունիքում ստեղծված իրավիճակի, մասնավորապես, Կոռնիձոր-Տեղ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական տեղակայումների վերաբերյալ վտանգավոր հայտարարություն է արել ԱԱԾ-ն:

Աբրահամյանը նաև հարց է բարձրացրել, թե ուր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր։

«Նախ ԱԱԾ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը 5 կետում եկել և դիրքավորվել է սահմանագծի հայկական հատվածում` 100-300 մետր խորքում:

Երկրորդ, ԱԱԾ-ն նշում է, թե «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:

Իսկ ու՞ր էր իշխանությունն իր ուժային կառույցներով, հետախուզական համակարգերով, երբ Ադրբեջանն առաջ ընկնելով դիրքավորվում էր:

Անլրջության ինչպիսի մակարդակ, թե բա` Ադրբեջանը չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին... Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի:

Երկրի անվտանգության համար պատասխանատու կառույցները փաստորեն Ադրբեջանի բանավոր խոստումներով են առաջնորդվել, որի հետևանքով ՀՀ-ն հերթական անգամ տարածքային կորուստներ է ունենում, իսկ Ադրբեջանը դիրքավորվում իր համար նսխընտրելի ու բարենպաստ հատվածներում:

ԱԱԾ-ն նաև նշել է, թե «հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ», իսկ այս սկզբունքի պտուղները 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը տեսել է` ՀՀ-ի դեմ հարձակումներ, տարածքային ու մարդկային հսկայական կորուստներ:

Քաղաքական որոշումների կամ դրանց բացակայության պայմաններում ՀՀ-ն տարածքային ու դիրքային կորուստներ է ունեցել, ինչը Նորմալ երկրների պարագայում իրավական համապատասխան գործընթացների կբերեր, բարձրագույն պաշտոններում գտնվողներն էլ կթռչեին իրենց պաշտոններից»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի զինուժը մարտի լույս 30-ի գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո և Տեղ գյուղերի արանքում, հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։ Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 30-ի նիստում, անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին բարձունքներ գրավելու մասին, հայտարարել էր, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Նա նշել էր, որ Գորիս–Ստեփանակերտ ճանապարհի փոփոխությունը եղել է ըստ պայմանավորվածության։

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, անդրադառնալով Ադրբեջանի զինուժի տեղակայմանն Աղավնո և Տեղ գյուղերի արանքում՝ նշելով, որ ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ՝ ադրբեջանցիները սահմանից 100-300 մ ավելի առաջ են տեղակայվել։