23 ապրիլի 2009 - 17:18 AMT
Ռասիմ Մուսաբեկով. Հայ-թուրքական համաձայնությունն ընդամենը մտադրության մասին հայտարարություն է
«Ես չունեմ հայ-թուրքական համաձայնագրի տեքստը, բայց որքանով ես հասկացել եմ, դա պարտադրող համաձայնագիր չէ, այլ ընդամենը մտադրության մասին հայտարարություն, հայ-թուրքական հարաբերությունների մի «ճանապարհային քարտեզ», որը հաշվարկված է երկու տարվա համար»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը: Նրա խոսքով, եթե կողմնորոշվենք պաշտոնական թուրքական աղբյուրներով, խորհրդարանում Էրդողանի ելույթը սեփական խմբակցության պատգամավորների առջեւ ենթադրում է հարաբերությունների կարգավորման եւ սահմանի բացման սինխրոնիզացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջընթացի հետ: «Նման տարբերակով դա առաջ չի բերի Ադրբեջանի բացասական արձագանքը: Ես գտնում եմ, որ ժամանակն է գործող քայլերի համար, որոնք կարող են Հարավային Կովկասը վերածել կայունության եւ համագործակցության գոտու, եւ դրա համար հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները»,- նշել է Մուսաբեկովը:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: