4 ապրիլի 2023 - 12:17 AMT
Սիմոնյանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու կարիք չի տեսնում և աբսուրդ է համարում Պուտինին ձերբակակելու քննարկումները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համոզմամբ, Հայաստանը Հռոմի ստատուտն արագ վավերացնելու անհրաժեշտություն չունի: Նա նաև աբսուրդային է որակել ՀՀ կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։ Այդ մասին նա ասել է «Առաջին լրատվականին» տված հարցազրույցում։

Նա նշել է, որ խորհրդարանում Հռոմի ստատուտը վավերացնելու հարցի շուրջ քննարկում չեն ունեցել, հայտնում է Արմենպրեսը։

Հարցին՝ Հռոմի ստատուտն արագ վավերացնելը ռիսկեր ո՞ւնի, Սիմոնյանը պատասխանել է․ «Դա ոչ դրական քայլ է Ռուսաստանի նկատմամբ, որի իմաստը և օգտակար գործողության գործակիցը ես չեմ հասկանում։ Կան բազմաթիվ երկրներ, որոնք դա վավերացրել են, և Հայաստանը չպետք է այս հարցում պիոներ լինի։ Հասկացանք, որ մենք դժգոհ ենք այն արձագանքներից և գործողություններից, որոնք կան Ռուսաստանի կողմից, և ունենք բազմաթիվ հարցեր, որոնք պետք է քննարկենք, բայց միևնույն ժամանակ, իմ սուբյեկտիվ կարծիքով, այսօր նման քայլ անելը ես ճիշտ չեմ համարում»։

Սիմոնյանը հիշեցրել է, որ Հռոմի ստատուտի՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության շուրջ քննարկումը կառավարությունն ունեցել է և եզրակացության համար ՍԴ է ուղարկել 2022-ի վերջին։

«Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան պատերազմների ժամանակ մարդկության դեմ արված հանցագործությունների դեպքեր ունենք, և Հայաստանի համար դա անհրաժեշտ գործիք է։ Բայց մենք միշտ մեզ պահել ենք որպես դաշնակից, և Ռուսաստանի դեմ հատուկ որևէ քայլ մենք չենք արել»,- ասել է Սիմոնյանը՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տալու համատեքստում Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի հնարավոր վավերացման շուրջ քննարկումներին։

Այս համատեքստում նա աբսուրդ է որակել Հայաստանի կողմից Վլադիմիր Պուտինին ձերբակալելու քննարկումները։

«Բայց ամբողջ աշխարհի տարբեր երկրների․․․ այնպես չէ, որ հենց Հայաստանը պետք է վերցնի այդ բեռը և գնա դրանով զբաղվի։ Դա աբսուրդ է, մենք միշտ մեզ պահել ենք դաշնակցի պես և ճիշտ ենք եղել մեր հարաբերությունների մեջ, որը մեզ այսօր թույլ է տալիս նաև քննադատել Ռուսաստանի որոշ գործողություններ, որոնք առնվազն անհասկանալի են մեզ համար։ Մենք մշտապես մեզ որպես ճիշտ դաշնակից ենք պահել և ազնիվ ենք պահել բոլոր մեր գործընկերների հետ։ Քաղաքական որևէ ենթատեքստ ման գալ պետք չէ»,- ասել է Սիմոնյանը։

Նա հավելել է, որ ՌԴ պաշտոնատար անձինք, որոնց հետ ինքը շփումների մեջ է, այդ հարցը չեն էլ բարձրացրել՝ շեշտելով, որ Հայաստանի պարագայում նման հարց բարձրացնելը տեղին չէ, որովհետև Հայաստանը մշտապես ՀԱՊԿ-ի և մնացած բոլոր միջազգային գործընկերների հետ իրեն պահել է պարկեշտ, ազնիվ և դաշնակցային մակարդակում՝ միևնույն ժամանակ իր երկրի շահերը չստորադասելով որևէ այլ շահերի։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս է հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։