4 ապրիլի 2023 - 12:49 AMT
Միրզոյանը Ռումինիայի Սենատի ղեկավարի հետ հանդիպմանը նշել է Լաչինի արգելափակման վերացման հրամայականը

Աշխատանքային այցով Բուխարեստում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռումինիայի Սենատի գործող նախագահ Ալինա-Շտեֆանիա Գորգիուի հետ հանդիպմանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, շեշտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշման կատարման, միջանցքի արգելափակման՝ առանց նախապայմանների վերացման, ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների քաղաքականության կանխման հրամայականը:

Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում առկա մարտահրավերները, Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության չկատարման արդյունքում պահպանվող մարդասիրական խնդիրները, այդ թվում՝ հայ ռազմագերիների ապօրինի պատանդառությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առանցքային խնդիրներին արդար լուծումներ գտնելու ուղղությամբ հայկական կողմի տեսլականին ու ջանքերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռումինական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում՝ նշելով երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցության ծավալման և փոխայցելությունների կարևորությունը:

Երկուստեք նշվել է Ռումինիայի հայ համայնքի կարևոր ներդրումը երկու ժողովուրդների, իսկ անկախացումից ի վեր՝ երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման գործում: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Ռումինիայի իշխանությունների կողմից հայկական մշակութային և կրոնական ժառանգության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, այդ թվում՝ «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։