Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բացառիկ բարդ վիրահատություն է կատարվել՝ ծնոտի ռեկոնստրուկցիա բուժառուի կողոսկրից։
65 տարեկան տղամարդը Ուռուցքաբանության ազգային կենտրոն է դիմել մարտի 7-ին՝ գանգատվելով բերանի խոռոչում չլավացող վերքից, կլման ակտի խանգարումից, ստորին ծնոտի աջ կեսում ցավի առկայությունից:
Հետազոտությունների արդյունքում բուժառուի մոտ հայտնաբերվել է բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղ՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի ինվազիայով (ներթափանցումով):
Որոշվել է կատարել վիրահատություն:
Վիրահատության ընթացքում հեռացվել է ուռուցքը՝ ստորին ծնոտի մարմնի և ճյուղի հետ՝ հոդելունի պահպանումով, կատարվել է պարանոցի ֆունկցիոնալ սելեկտիվ լիմֆոդեսեկցիա (բժիշկներին հաջողվել է պահպանել անատոմիական կարևոր կառուցվածքները՝ նյարդերը և անոթները)։
Բժիշկները նաև կատարել են ծնոտի ռեկոնստրուկցիա աուտոգեն կողոսկրի ազատ գրաֆթով (բուժոառուի կողոսկրը դարձրել են ծնոտի մաս):
Ծխախոտի ու ալկոհոլի չարաշահումը կարող է դառնալ բերանի խոռոչի լորձաթաղանթի տափակ բջջային քաղցկեղի պատճառ: