7 ապրիլի 2023 - 16:23 AMT
Ստեփանակերտցի կանայք երթով շարժվում են Շոշ-Շուշի ճամփաբաժան

Ստեփանակերտցի մի խումբ կանայք երթով շարժվել են դեպի Շոշ-Շուշի ճամփաբաժան, որն արգելափակված է ադրբեջանցիների կողմից։

Նրանք կրում են հայերեն, ռուսերեն և անգլերեն գրություններով պաստառներ ՝ «Արցախի ինքնորոշումը միակ այլընտրանքն է», «Մենք չենք հանձնվում», «Կանգնեցրեք չարը», «Ապահովեք մեր կյանքի իրավունքը», գրում է Panorama.am-ը։

«1988 թվականին մենք մեր դիրքորոշումն ասել ենք, այսօր մենք այն վերահաստատում ենք»,- ասել են երթի մասնակից կանայք։

Արցախցի կանայք դիմել են քաղաքակիրթ աշխարհին՝ «ապահովեք մեր և մեր երեխաների անվտանգությունը, ապահովեք մեր կյանքի իրավունքը, զսպեք բռնապետ Ալիևին»։

Երթի ընթացքում հնչել է Արցախի Հանրապետության հիմնը, կանանց ուղեկցող ոստիկանները պատվի են առել։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։