ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը քննարկվել է տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Կողմերը խոսել են Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորությունից, ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեությունից։
Քննարկվել են նաև տնտեսական փոխգործակցության ընդլայնման, փոխադարձ առևտրի ակտիվացման և դիվերսիֆիկացման, ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանման, ֆինանսական կառույցների համագործակցության խթանման, կանաչ էներգետիկայի զարգացման և այլ հարցեր։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վենկատարամանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպմանն անդրադարձել են առևտրի, ներդրումների, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խորացման հնարավորություններին, գործարար միջավայրի բարելավմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Վենկատարամանն արդյունավետ է գնահատել Երևանում անցկացված Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստը և շեշտել Միացյալ Նահանգների շահագրգռվածությունը՝ երկու երկրների միջև կոմերցիոն կապերի խորացման և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկ բնագավառում փոխգործակցության խթանման հարցում: