8 ապրիլի 2023 - 14:42 AMT
Եղեգիսի կամրջի փլուզման վտանգ կա․ Հողաշերտի սահք է առաջացել

Ապրիլի 7-ին, ժամը 22։19-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ճանապարհին առկա է Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը ՄՓՎ պետի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի հենապատի սկզբնամասում, գետի ջրի հոսքը առաջացրել է հողաշերտի սահք՝ մոտ 27 խմ, մոտ 13 քմ ասֆալտապատ շերտը մնացել է առանց հողային զանգվածի հիմքի․ առկա է փլուզման վտանգ։

Փրկարարները սահմանազատել են ավտոճանապարհի առավել վտանգավոր հատվածը: Ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։

Մարզային ոստիկանության ծառայողների կողմից սահմանվել է հերթապահություն: