12 ապրիլի 2023 - 12:00 AMT
ԱԺ-ում ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկում կլինի․ Ընդդիմության առաջարկն ընդունվել է

Խորհրդարանի ապրիլի 12-ի նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ պատգամավորները հոտնկայս հարգել են նախօրեին զոհված զինծառայողների հիշատակը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն առաջարկել է օրվա ընթացքում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների, պատգամավորների հետ քննարկել ստեղծված իրավիճակը: ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է առաջարկը։

Հանդիպման քննարկման ձևաչափը կորոշվի:

Ռուբինյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ՝ ՀՀ ինքնիշխան տարածքը պաշտպանելու ուղղությամբ, վարել են անձնազոհ մարտ՝ թշնամուն պատճառելով զգալի վնասներ:

«Ցավոք, հայկական կողմը նույնպես ունի զոհեր և վիրավորներ: Զոհվել է` 4, վիրավորվել՝ 6 զինծառայող»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։