12 ապրիլի 2023 - 13:59 AMT
Օհանյան. Խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավումների շրջանակում

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին, ասել է, որ իր տեղեկություններով խնդիրը ծագել է դիրքային ճշգրտումների, ինժեներական կառույցների որոշակի բարելավում իրականացնելու շրջանակներում։

Նա հույս է հայտնել, որ հայկական բանակը արագ կվերականգնի իր մարտական կարողությունները, հայտնում է Panorama.am-ը։

«Փորձը ցույց է տալիս, որ որքան էլ 44-օրյա պատերազմից հետո մենք խոսում ենք Զինված ուժերի մարտունակության անկման մասին, բայց, այնուամենայնիվ, որոշ տեղային հատվածներում, զորքերում մեր ստորաբաժանումներն ուղղակի իրենց խնդիրը կատարում են և՝ հերոսաբար»,-հայտնել է Օհանյանը:

Հայտարարելով, որ ապրիլի 11-ի դեպքի հետ կապված որոշակի խնդիրներ կան՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասել է, որ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանը Արցախին կապող միջանցքի շրջանակներում:

Հիշեցնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ գրված է, որ 3 տարվա ընթացքում պետք է ճանապարհի նախագիծ կազմվեր, որից հետո նոր ճանապարհ կառուցվեր՝ Օհանյանն ասել է, որ եթե Ադրբեջանը ժամանակից շուտ է այդ այլընտրանքային ճանապարհը կառուցել, ապա ինչո՞ւ Հայաստանի իշխանությունները ՀՀ տարածքի հատվածը չեն կառուցել:

«Մյուս կողմից էլ հարց է, թե ինչպիսի մակարդակի վրա է գտնվում մեր հարաբերությունները ՌԴ-ի, նաև խաղաղապահ ուժերի հետ, որոնք միջանցքի դիտորդական առաքելություն են իրականացնում: Եթե կար պայմանավորվածություն, որ ապրիլի 1-ին պետք է նոր ճանապարհը պատրաստ լինի, կազմակերպվի ամբողջ երթևեկությունը, և նաև դիրքային փոփոխություններ էին լինելու, ապա հարց է ծագում, թե ի՞նչ գործողություններ էր ծրագրավորել մեր կողմը, ինչո՞ւ ժամանակին չի իրականացվել պլանավորումը և գործողությունների կազմակերպումը»,-հայտարարել է պաշտպանության նախկին նախարարը և շեշտել, որ այսքան քննադատությունից հետո էլ իշխանությունները հետևություն չեն անում, ինչը անկարողունակության, կամ միտումնավորության հետևանք է, քանի որ հայկական կողմը միշտ ուշանում է:

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։