12 ապրիլի 2023 - 18:29 AMT
Պապիկյան. Տեղի դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ապրիլի 11-ին տեղի ունեցած բախումներին, ասել է, որ Տեղի դեպքը եղել է տարածքի հերթական ճշգրտման ժամանակ։

Նա նշել է՝ հիմնականում խնդիրն այն է, որ մարտի 29-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈւ տեղակայման արդյունքում այժմ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում, քանի որ Ադրբեջանը խախտել է ապրիլի 1-ից տեղակայվելու պայմանավորվածությունը։

«ՀՀ ԶՈւ-ն ժամանակավորապես տեղակայվել է նաև այս տեղամասում մինչև վերջնական ճշտումը։ Վերջին 7-10 օրերին, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ, թե յուրային կողմերը միմյանց հետ բանակցել են, ճշտումներ են արել։ Նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ապա նաեւ ցավոք, անցանկալի հետևանքների»,- ասել է Պապիկյանը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր հերթին ասել է, որ միջադեպի ժամանակ այդ տեղանքում ԵՄ դիտորդներ չեն եղել։

«Բայց իրենց դիտարկումներն արել են և կզեկուցեն Բրյուսել` ոչ հրապարակային ձևով։ Առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,– ասել է նախարարը։

Նա նաև հավելել է, որ միջադեպերի մասին անմիջապես տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին` այդ թվում ԵՄ–ին և ԵՄ անդամ երկրներին։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։