12 ապրիլի 2023 - 19:14 AMT
Վարչապետը՝ Տեղի դեպքի մասին․ Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Տեղի մոտ տեղի ունեցած բախմանը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Նա հայտարարել է, որ գյուղի մոտակայքում «Ադրբեջանի պահվածքը եղել է ուխտադրուժ»։

«Սա այն դեպքերից էր, որ կանխատեսելի էր, բայց, իմ գնահատմամբ, այն, ինչ տեղի ունեցավ, պետք է տեղի չունենար։ Պետք է հետաքննենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչի համար է այդպես եղել»,- ասել է նա։

Նա հավելել է, որ վարչական հետևանքներ պետք է լինեն:

«Այն, որ Ադրբեջանի պահվածքը և գործողությունները եղել են ուխտադրուժ, այդտեղ երկրորդ կարծիք չկա, բայց մենք չէինք էլ կարող հակառակի հույս ունենալ։ Այդ սցենարը նույնպես կանխատեսվել է, որի շրջանակում կոնկրետ անձանց տրվել են հանձնարարություններ, և այդ հանձնարարությունների կատարումը ձախողվել է»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ձախողմանը պետք է հաջորդեն «ադմինիստրատիվ հետևանքներ»։

Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:

Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։