ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած այն հայտարարությանը, թե «Մադրիդյան սկզբունքներով Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչել է հայկական կողմը»։
Նա նշել է, որ մինչև 2018-ը բանակցող 5 կողմից 5-ն էլ համարում էր, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ ինքնորոշման հարցը՝ 2018-ից հետո միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ հանձնելու մասին է, հայտնում է Aysor.am-ը։
«Ես ամեն անգամ Հայաստանի կառավարիչի կողմից հնչեցրած հերյուրանքների մասին մտածելիս ուզում եմ ինքս ինձ համար հասկանալ, թե կոնկրետ այդ պարագայում այդ մարդն ինչի՞ հետ ավելի շատ խնդիր ու նի՝ բարոյականությա՞ն, փաստաթուղթ կարդալու և ընկալելու ունակությա՞ն, թե՞ հիշողության հետ, որովհետև երբ ուզում՝ հիշողությունը կորցնում է, երբ ուզում՝ խախտում է բոլոր նորմերը, ինչ ուզում՝ անում է։ Երբ ուզում է՝ պատերազմը խաղաղություն է համարում, երբ ուզում է՝ պարտությունը հաղթանակ է համարում։ Ես ի՞նչ կարող եմ դրա մասին ասել։
Բայց բոլորդ էլ տեղյակ եք, չէ՞, որ մինչև 2018 թվականը բանակցող 5 կողմերից 5-ն էլ համարում էին, որ Մադրիդյան սկզբունքները լուծում են ԼՂ ինքնորոշման իրավունքի հարցը։ 5 կողմերը թվարկում եմ, որպեսզի բոլորը հիշեն՝ Հայաստան, Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ 2018-ից հետո այս 5-ից 4-ն են հայտարարում, որ Մադրիդյան սկզբունքները լուծում էին ԼՂ խնդիրը՝ Ադրբեջան, ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա։ Միայն Հայաստանի կառավարիչն է ասում, որ այդ փաստաթուղթը ԼՂ հանձնելու մասին է»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ իշխանությունները պետք է երկրի անվտանգությունն ապահովեն։
«Ամոթ է, վերջապես, թող գնան մեր երկրի անվտանգությունն ապահովեն, թող հիշեն, թե ջախջախիչ պարտությունից հետո բուն ՀՀ տարածքից ինչքան են կորցրել։ Եթե չհիշեն, ես հիմա ասեմ, թող մտածեն՝ 100 անգամ ավելին, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք կորցրել ենք անվտանգության գոտուց։ 4 անգամ ավելի շատ զոհեր, կորուստ ենք ունեցել, քան ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։
Այդպե՞ս են խաղաղության գնում, դա՞ է խաղաղությունը»,-ասել է նա։
Պատասխանելով խաղաղության համաձայնագրի մասին հարցին՝ Սարգսյանն ասել է, որ եթե ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա նշանակում է, այդ փաստաթղթում ևս անտեսվելու է հայկական շահը, գրում է «Առավոտը»։
«Բայց ո՞վ է ասել՝ իրենք գնում են խաղաղության. դա ձեր կարծիքն է, իրենց կարծիքն է, իմ կարծիքն այդպես չէ: Խաղաղության այդպես չեն գնում: Խաղաղության գնում են երկիրը պաշտպանելով, ցույց տալով, որ իրենք ունակ են պաշտպանելու սեփական քաղաքացիների անվտանգությունը, ցույց տալով, որ գոնե այդքան ձախորդություններից հետո, չի կարող ադրբեջանցի զինվորը մտնել ՀՀ և այդպես, մի քանի օր, շրջել ՀՀ-ում: Այդպիսի երկրի հետ ո՞վ կգնա խաղաղության»,-ասել է նա։ :
Փաշինյանի 5 տարվա կառավարումը Սերժ Սարգսյանը մեկ բառով է բնութագրել՝ աղետաբեր և միակ ճանապարհը համարում է նրա հեռանալը։
«Թող գնա մի հատ ընդդիմադիր թերթ վերցնի նորից ու սկսի սրա-նրա մասին բանսարկություններ գրել: Նա ուրիշ բանի պիտանի չէ»,-ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով այն հարցին, թե երբ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, դա ընկալվում է որպես հրաժարում ԼՂ–ից, հայտարարել է, որ «հայկական կողմի հանճարեղ դիվանագիտության արդյունքում» Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս։Ըստ նրա, ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ և տեղափոխվել մեկ այլ տեղ՝ Մադրիդյան սկզբունքներից հետո այն տեղը, որտեղից ԼՂ-ն պետք է ինքնորոշվեր, դարձել է Ադրբեջանը, իսկ մինչ այդ ԽՍՀՄ-ն էր։ «Այդպիսով, ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչել է որպես Ադրբեջանի մաս և այսօր դրա պտուղներն ենք քաղում։