Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթին հարցազրույցում անդրադարձել է Տեղ գյուղի մոտի միջադեպին՝ որակելով այն որպես Ադրեջանի հերթական սադրանք Հայաստանի սուվերեն տարածքում:
Նա նաև ասել է, որ այս միջադեպը պետք է դիտարկել Ադրբեջանի կողմից ռազմական հնարավոր էսկալացիայի պատրաստվելու տրամաբանության մեջ՝ սա ինչ-որ սպոնտան միջադեպ չէր, Ադրբեջանը սա պլանավորած է արել:
«Վերջին շրջանում բոլորը գրեթե խոսում են, Ադրբեջանի ամբողջ քարոզչությունը խոսում է հնարավոր էսկալացիայի մասին։ Այդ մասին են խոսում նաև միջազգային պարբերականները, որոնք նաև հղում են անում հետախուզական տվյալներին։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանը պատրաստվում է հնարավոր ռազմական էսկալացիայի և այս միջադեպը պետք է դիտել հենց այս տրամաբանության մեջ: Ադրբեջանը սա պլանավորած է արել»,-ասել է նա։
Գրիգորյանն ասել է նաև, որ Տեղում միջադեպն ուղղված էր նաև ԵՄ դիտորդներիի դեմ, սա փորձ է նրանց վարկաբեկելու։
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։