Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագծով՝ սպառազինությամբ աջակցություն չէր նախատեսվում։
Պատասխանելով ՀԱՊԿ-ի առաջարկած օգնության նախագծի մասին հարցին՝ արդյոք այն նախատեսում էր նաև ռազմաքաղաքական կամ սպառազինության տրամադրում՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ հիմնականում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր անդամ երկիր դիտորդական առաքելության շրջանակում կարող էր պաշտպանության նախարարությունից գնդապետի գործուղել Հայաստան, գրում է CivilNet-ը։
Սպառազինության տրամադրման մասով նա ասել. «Հայաստանն այս պահին բոլոր տեղերում փնտրում է զենք և զինամթերք։ Չի կարող որևէ տեղում զենք-զինամթերքի տեսքով Հայաստանին օգնություն առաջարկվել և Հայաստանը հրաժարվի»։
Արմեն Գրիգորյանի այս հայտարարությունը, սակայն, հակասում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայտնած տեղեկություններին։
Միրզոյանը դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել էր. «Այո, քննարկվող որոշման մեջ (օժանդակության փաստաթղթերի-խմբ.), ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, դիտարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը, բայց մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր՝ արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք, այունհետև կարող ենք դիտարկել մնացած միջոցները` քաղաքական ճանապարհով հարցի հանգուցածուլում, ադրբեջանական զորքերի հետքաշման ապահովում, ռազմատեխնիկական աջակցություն…»։
Դեկտեմբերի 19-ին այն ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Ստանիսլավ Զասը Մոսկվա–Աստանա–Բիշքեկ–Երևան–Մինսկ տեսակապի միջոցով կայացած ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել էր․ «Մանրամասներ, իհարկե, բացահայտել չեմ կարող, քանի որ նախագիծը գաղտնի է։ Բայց ասեմ, որ իսկապես եղել է կետ, որը նախատեսում էր Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրել։ Ցուցակ, իհարկե, չկար, թեև հայկական կողմը ՀԱՊԿ–ին տվյալներ էր փոխանցել սպառազինության և ռազմական տեխնիկայի առաջնահերթ կարիքների մասին։ […] Իսկ տրամադրման պայմանները տարբեր էին՝ ինչ-որ բան, որպես օգնություն, ինչ-որ բան՝ արդեն ներքին գներով»»։
Զասը հավելել էր՝ դա չէր նշանակում, որ փաստաթղթի ստորագրումից հետո անմիջապես օդանավեր կժամանեին այն ամենով, ինչ պետք է Հայաստանին, բայց դա հնարավորություն կտար մեր երկրների պաշտպանության նախարարություններին աշխատել Հայաստանի կողմից տրամադրված ցուցակի ուղղությամբ և կյանքի կոչել, «եթե իհարկե երկրների ղեկավարները կհաստատեն»։
2022-ի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը։ Այն ուղարկվեց լրամշակման։
Պաշտոնական Երևանը հայտնել էր, որ ներկայացված նախագիծը չի բավարարում հայկական կողմին, և ինքն ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։