Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ ազգային տոնի առթիվ` հաստատելով ՀՀ պատրաստակամությունը աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին։
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Սիրիայի բարեկամ ժողովրդին Սիրիայի Արաբական Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ:
Դարերի խորքից եկող և պատմական փորձություններով ամրացած հայ սիրիական բարեկամությունն այն հենքն է, որի վրա շարունակում են զարգանալ երկու երկրների եղբայրական հարաբերությունները:
Համոզված եմ, որ Սիրիան բավարար ուժ և տոկունություն ունի՝ հաղթահարելու ավերիչ երկրաշարժի հետևանքները և երկրի առջև ծառացած այլ մարտահրավերներ:
Ցանկանում եմ հաստատել մեր պատրաստակամությունը Սիրիայի համար այս դժվարին ժամանակաշրջանում նպաստելու և աջակցելու Սիրիայի վերականգնման գործընթացներին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում։
ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար աջակցություն էր ուղարկել փետրվարի 6-ի հզոր երկրաշարժից տուժած Սիրիային։ Սիրիայում է աշխատում նաև Հայաստանից գործուղված ականազերծման խումբը։